Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Փարիզից Բրետան հասնելու համար Հայաստանի միջով «անցա»

Փարիզից Բրետան հասնելու համար Հայաստանի միջով «անցա»
24.07.2013 | 18:56

Առաջին տպավորությունս մեր օդանավակայանից այն էր, որ չգտնվեց մեկը, որ ասի` «Բա խի ռուսերեն էջ չունես, դե մի բան տուր, անցիր»: Տարիներ առաջ մերոնք նման խաղեր էին խաղում Ռուսաստան թռչողների գլխին: Փող աշխատելու ձև էր: Նույն հարցը ինձ չտվեց ոչ ոք Մոսկվայի օդանավակայանում: Նրանք էլ իրենց հերթին էին փող աշխատում` սովետական մարդուն հատուկ փութաջանությամբ: Չէ, սովորել են աշխատել: Վերջապես: Հայաստանից շատերն են հեռանում: Տարբեր երկրներ: Մարդու ուղեղը անսահման հնարավորություններ ունի, երբ ինքնապաշտպանական խնդիրն առաջնային է դառնում անհատի համար: Հայերը Հայաստանից հեռանում են տարբեր ճանապարհներով և արտերկրում կեցության խնդիր են լուծում զարմանալի ճկունությամբ: Մեծ մասը: Օդում, որով Հայաստանից մեծ թվով հայեր են հեռանում, արտագաղթելը պարզապես զուտ օրինաչափության տեսակետից «տրամաբանական» է դառնում` կա տեղափոխող տրանսպորտ, մարդն ազատ է իր ընտրության մեջ ու ինքն է որոշում` ինչպես տնօրինել իր կյանքը: Այլ բան է, երբ այդ ամենին նայում ես երկրից, տանը նստած ֆեյբուքյան էջդ քրքրելիս: Օդից ֆեյսբուքյան հայությունը մի փոքրիկ անճար հանրույթի է նման, որտեղ մեծամասնությունը մտածողության խնդիր չունի, բայց փոխադարձ ըմբռնման` ունի: Մոսկվայի օդանավակայանում բախիլներ կան, անգամ փոքրիկ կրունկավոր կոշիկ ունեցող կանանց կոշիկները հանել են տալիս ու սառը մարմարի վրա բախիլներով քայլելը` թեկուզ երկու-երեք մետր, բավական տհաճ զգացողություններ է առաջացնում: Տեռորիզմի դեմ ռուսաստանյան պայքարի ատրիբուտներից է, որը Ֆրանսիայում, օրինակ, չկար, թեև չեմ կարծում, թե ֆրանսիացիները տեռորիզմի դեմ պայքարի վրա թքած ունեն: Բրետան տանող արագընթաց ճանապարհին աչքս ընկավ ճանապարհային զգուշացումներին «70` Rappel» (Հիշիր): Օրենքը կամ որոշումը նրա համար չի, որ ընդունվի ու մի կողմ դրվի: Օրենքի մասին նաև հիշեցնում են: Նույնիսկ Ֆրանսիայի պես երկրում: Մարդը ի բնե հակված է օրինախախտության: Այդ նկատառումով: Դժվար չի երևի, որ մեզ մոտ էլ նախատեսված արագությունը ցուցանող թվերի հետ նման պարտադրող հիշեցումներ լինեն: Դժվար չի, որ կիսաանապատային գոտում գտնվող Երևանում կանաչ տարածություններին վերաբերող ծրագիր լինի: Ոչ թղթի վրա, այլ նաև պաշտոնյաների «սրտի դավթարում»: Փարիզցիները իրենց սրճարանները տեղակայում են մայթեզրերին գտնվող շինություններում, հենց նեղ մայթերով մեկական- երկուական աթոռներ շարում ու խնդրեմ` սրճարանը պատրաստ է ընդունել ամռանը մի բաճակ գարեջրի կամ սուրճի միջոցով ծարավն ու հոգնությունը թոթափել ցանկացող մեկին: Փարիզից երևանցիների վարքագիծը նույնիսկ դավաճանական է երևում, երբ աթոռ-սեղանները խցկում են ուր ասես, միայն թե փող աշխատելու տարբերակ ստեղծվի: Իսկ Բրետանի ճանապարհին արդեն նախանձում եմ ֆրանսիացիներին, գերմանացիներին, մյուսներին` մեկ բնակչին ընկնող կանաչ տարածքի չափաբաժնի համար: Հետաքրքիր դիտարկում. ճանապարհին վթար էր, խցանում կար, ու մեքենան վարող բարեկամս ասաց, թե իսպանացի կլինի: Ինչու անպայման իսպանացի՞: Ֆրանսիացիների գնահատմամբ` երկրի տարածքով անցնող իսպանացի վարորդների պատճառով ավելի շատ վթար է լինում, քան հենց ֆրանսիացիների. «Ֆրանսիացին երեք-չորս ժամից ավել չի քշում, մեքենան կանգնեցնում, հանգստանում է, իսպանացիները քշում են տաս-տասներկու ժամ, հոգնում են: Անքուն-հոգնած վարորդը միայն վթարի աղբյուր է: Իսպանացի վարորդներին շտապեցնում են նրանց գործատուները` փող, փող, փող»: Բրետանում առաջին քաղաքը, ուր իջևանեցի, Saint Quay Portreux-ն էր: Այստեղ մի փոքրիկ մատուռ կա` Notre Dame d’Espérance: Կառուցվել է 1850-ին` խոլերայի համաճարակի զոհ դարձած ձկնորսների հիշատակին: Նրանց կանայք եկել են այստեղ սպասելու հեռուներից եկող իրենց ամուսիններին ու աղոթելու նրանց առողջության համար: Գրանիտե մատուռը, որի քարերը ներծծված են ծովից ափ հասնող ջրերի աղով, արևի տակ պսպղում են քամուց ու բրետանյան անձրևից մաշված քարերի ամեն քառակուսի սանտիմետրի վրա: Բրետանում առհասարակ ամեն ինչ գրանիտից է: Գրանիտը այստեղի հարստություններից է ու էլ ավելի յուրօրինակ է դարձնում այս շրջանի մշակույթը: Նույն քաղաքի` Notre Dame de la Garde ոչ փոքր մատուռը իր ձևով կլոր է: Ձկնորսները եկել են այստեղ աղոթելու իրենց ապահովության ու հաջողության համար: Ընդհանրապես, Բրետանում շատ մատուռներ, եկեղեցիներ ու հավատքի տաճարներ կան: «Բրետանցիները շատ քրիտոնյա են»,- ասացին ընկերներս: Դե, իհարկե, եկեղեցի, տրամաբանորեն, հենց այնպես չեն կառուցում, բայց, օրինակ, հայերիս համար դա հաճախ փող լվանալու միջոց է: Ակամայից Գագիկ Ծառուկյանի, իր իսկ մտածողույթյամբ, «ճոխ» եկեղեցու մասին հիշեցի ու սփոփվելու համար մտովի դրա կողքին դրեցի աղջկաս կնքահայր, բանաստեղծ Սուրեն Պողոսյանի` իր իսկ ձեռքերով կառուցած համեստ մատուռը: Մեզանում շատերը այդպես էլ չհասկացան, որ եկեղեցու մեծությունը մարդու հավատքի չափի հետ ամենաչնչին առնչությունն ունի, ինչպես հետդարձի ճանապարհին օդանավում կողքիս նստած` մոսկվաներում մի երկու կոպեկ աշխատած երիտասարդի նման չհասկացան, թե փող ունենալը մարդկային տեսակի գնահատման սանդղակում գուցե ամենավերջին տեղն է զբաղեցնում: Բայց այդ մասին արդեն` հաջորդիվ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1137

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ